ՄԱԿ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԿՈՄԻՏԵՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
02.07.2025 17:09
ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ զեկույց, որում գնահատվում է Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարի և հիմնարար իրավական երաշխիքների ապահովման վիճակը:
Արձանագրելով Հայաստանի ջանքերը՝ իր ներքին օրենսդրության մեջ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ հիմնարար իրավական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ, Կոմիտեն մտահոգված է, որ այնուամենայնիվ գործնականում ոչ բոլոր հիմնարար իրավական երաշխիքներն են ապահովվում: Մասնավորապես, որոշ դեպքերում անհատները զգալի ուշացումով են կարողանում օգտվել իրավաբանական խորհրդատվությունից կամ առհասարակ չեն կարողանում, մինչդեռ իշխանությունները, խեղաթյուրում են իրավիճակը՝ ներկայացնելով թե կալանավորվածները հրաժարվել են իրավաբանական ներկայացուցչություն ստանալու իրենց իրավունքից: Կոմիտեն նաև մտահոգված է իրենց վստահորդների հետ կապ հաստատելու փորձ կատարող փաստաբանների նկատմամբ վատ վերաբերմունքի, ֆիզիկական բռնությունների և ոտնձգությունների մասին մեղադրանքներով:
Զեկույցում, Կոմիտեն ընդգծել է նաև, որ պետությունը, ազատազրկման պահից սկսած, պետք է ապահովի յուրաքանչյուր կալանավորված անձի բոլոր հիմնարար իրավական երաշխիքները թե՛ օրենքով, թե՛ գործնականում: Պետությունը պետք է երաշխավորի ինչպես վստահորդի նախընտրած փաստաբանի հետ խորհրդակցելու, հանդիպումների գաղտնիության ապահովումը, այնպես էլ, անհրաժեշտության և կիրառելիության դեպքում՝ անվճար, անկախ և արդյունավետ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Կոմիտեն մասնավորապես արձանագրել է, որ Հայաստանը պետք է երաշխավորի փաստաբանների անկախությունը, այդ թվում՝ ապահովելով, ներքին օրենսդրության լիովին համապատասխանեցումը Փաստաբանների դերի վերաբերյալ հիմնական սկզբունքներին (Հավանայի սկզբունքներ) և այլ համապատասխան միջազգային չափանիշներին, ինչպես նաև անհապաղ հետաքննելով և քրեական հետապնդում իրականացնելով փաստաբանների նկատմամբ ոտնձգությունների բոլոր դեպքերի համար։
Զեկույցում նշվում է,որ Հայաստանը պետք է ապահովի, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր բողոքները անհապաղ և անաչառորեն քննվեն անկախ մարմնի կողմից, որ անմիջապես կասեցվի կասկածյալ պաշտոնյաների աշխատանքը քննության ողջ ընթացքում:
Հատկանշական է այն, որ ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեն անդրադարձել է նաև տուժողների արդարադատության հասանելիությանը՝ կապված անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար ծանր ֆինանսական պարտավորություններ սահմանելուն:
Այս առումով Կոմիտեն իր խիստ բացասական գնահատականն է տվել Քրեական դատավարության օրենսգրքի և Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, որոնք ծանր ֆինանսական պարտավորություններ սահմանելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և փաստաբանական գրասենյակների կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության վրա, սահմանափակում են նրանց կարողությունը՝ դատական գործընթացներում հանդես գալու տուժողների անունից:
Ամփոփելով վերոգրյալը, Կոմիտեն Հայաստանի իշխանություններից պահանջում է վերանայել ներպետական օրենսդրությունը՝ ապահովելու տուժողների համար արդարադատության լիարժեք հասանելիությունը, նպաստել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և տուժողների այլ ներկայացուցիչների աշխատանքին, և ձեռնպահ մնալ ծանր սահմանափակումների սահմանումից, որոնք խոչընդոտում են նրանց աշխատանքը կատարելու կարողությանը:
Կից ներկայացնում ենք ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեի պաշտոնական զեկույցն անգլերեն լեզվով՝
ԲԵՌՆԵԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Բեռնել
Վերադառնալ